Առաջիկայում ցանցերը կկիրառվեն ոչ միայն գյուղատնտեսության մեջ, այլև բանակում, ինչպես նաև ավտոմեքենաների պաշտպանության համար

Ամսաթիվ: 25/11/2018

Մի քանի օր է, ինչ Լոռու մարզում շահագործման է հանձնվել հակակարկտային ցանցերի արտադրամասը, այնուամենայնիվ ընկերությունն արդեն պատվիրատուներ ունի: Արտադրությունը հիմնվել է իտալական «ԿԱՐՄԱԿ» և հայկական «ՎԱԲԱՏԵՔՍ» ընկերությունների համագործակցության արդյունքում: Արտադրամասը հագեցած է իտալական սարքավորումներով:

Իսկ աշխատանքին ավելի լավ տիրապետելու համար, այստեղից 4 աշխատակիցներ վերապատրաստում են անցել Իտալիայում, հմտացել տարբեր ուղղություններով:

«ՎԱԲԱՏԵՔՍ» ընկերության ծրագրի ղեկավար Աշոտ Հարությունյանը վստահեցնում է՝ հակակարկտային ցանցերն աշխարհում տարածված կարկտապաշտպան միջոցներից առավելագույն արդյունավետություն տվող միջոցներն են. «Իտալական թելերով, տեխնոլոգիաներով ու հաստոցներով բարձր որակի այս արտադրանքը նաև փորձարկված է և շուրջ 20 տարի երաշխիք ենք տրամադրում:

Խոսքն, իհարկե, մեխանիկական պատռվածքի մասին չէ, որ կարող է ինչ-որ մեկի անփութության հետևանքով առաջանա, այլ խոսքը նրա մասին է, որ, կանոնները պահպանելով, այն երկար տարիներ շահագործվելու է և մինչև 100 տոկոս արդյունավետություն ունի: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ-ում, այս պահի դրությամբ, թիվ մեկ խնդիրը խաղողի այգիների և մրգատու այգիների պահպանությունն է: Ցանցի ձեռքբերումը գյուղատնտեսի համար այնքան էլ ծախսատար չի լինի՝ 1 մ քառ. ցանցի արժեքը մեծածախ գնման դեպքում կարժենա մինչև 170 դրամ. «Մենք գրասենյակներ ունենք և՛ Վանաձորում, և՛ Երևանում և իրականցնում ենք նաև խորհրդատվություն, նախագծում և իրացում:

Ոչ միայն արտադրությունն ենք անելու, այլ նաև փորձելու ենք, որ մեր օգտագործողին կարողանանք տալ ոչ միայն ցանց, այլ նաև համապատասխան խորհրդատվություն»,- ասում է Աշոտ Հարությունյանը:

Ընկերությունը պատրաստվում է տարեկան արտադրել 600 հա հակակարկտային ցանց:

Առաջիկայում, ցանցերը կկիրառվեն ոչ միայն գյուղատնտեսության մեջ, այլև բանակում, ինչպես նաև ավտոմեքենաների պաշտպանության համար:

Աշոտ Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ, բացի հակակարկտային ցանցերի արտադրամասից, շուտով շահագործման կհանձնվի ևս 2 նոր արտադրամաս. «20 օրից շահագործման կհանձնվի սյուների շպալերաների արտադրամասը, որը կրկին իտալական տեխնոլոգիաներով հագեցած արտադրամաս է, իսկ մինչև տարեվերջ շահագործման կհանձնենք աքսեսուարների արտադրամասը: Եվ 2019 թվականից մենք ունենում ենք Հայաստանում մի արտադրություն, որի շնորհիվ դրսից կախման մեջ չենք լինի. ճանապարհի առումով մատչելի կլինի: Ցանցերի գինն այս պահին, որ Իտալիայից ներկրվում է, դրանից շուրջ 40 տոկոս էժան կնստի ֆերմերի վրա:

Տարածաշրջանում եզակի արտադրամասերի շահագործման արդյունքում կստեղծվի մոտ 120 աշխատատեղ»:

Պաշտոնական աղբյուր՝ https://www.aravot.am/2018/09/18/981478/