Կարկտապաշտպան ցանցերի՝ տարածաշրջանում միակ արտադրամասը բացվեց Վանաձորում

Ամսաթիվ: 25/11/2018

Տարածաշրջանի դեռևս միակ կարկտապաշտպան ցանցերի արտադրամասը այսօր՝ սեպտեմբերի 14-ին, շահագործման հանձնեցին Վանաձորում։

Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Եվրոպական չափանիշներին համապատասխանող արտադրամասը կառուցել է «ՎԱԲԱ» ընկերությունը՝ իտալական CARMAC SRL-ի հետ համատեղ։ Արտադրամասը հագեցած է իտալական սարքավորումներով։
Բացմանը մասնակցող ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը հիշեցրեց, որ նախարարությունը արտոնյալ վարկեր է տրամադրում կարկտապաշտպան ցանցեր ձեռք բերելու համար։
«Նախարարությունն իրականացնում է «Գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակում կարկտապաշտպան ցանցերի ձեռք բերման համար տնտեսվարողներին, պետական սուբսիդավորման արդյունքում, տրամադրվում են 2% տոկոսադրույքով, 7 տարի մարման ժամկետով վարկեր»,- ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալը։
Նշենք, որ կարկտապաշտպան ցանցերը որակյալ բերք ստանալու կայուն երաշխիք են՝ գրեթե 100%-ով պաշտպանում են այգիները կարկտահարության բացասական ազդեցությունից, քամիներից, թռչունների և խոշոր միջատների վնասից։
Պաշտոնական աղբյուր՝ https://news.am/arm/news/471115.html